Հիշողության հիվանդություններ 36

François Sellal, Cécile Weiss.
Ամփոփագիր
Հիվանդությունները, որոնք տևականորեն ախտահարում են երկարաժամկետ հիշողությունը, բազմաթիվ են, և դրանց համար ընդհանուր է յուրահատուկ նեյրոնային շրջանների անդարձելի և, որպես կանոն, երկկողմանի ախտահարումը: Առաջին շարքում Փապեզի կամ հիպոկամպա-պտկաձևա-տեսաթմբա-գոտկային շղթան է, որը նաև փոխկապակցված է ճակատահիմային շրջանների հետ: Դրա վնասումն առաջացնում է հիշողության դրվագային խանգարումներ՝ իմաստային (սեմանտիկ) հիշողության և ներակա (իմպլիցիտային) ուսուցման հարաբերական պահպանմամբ։ Քունքային առաջային բևեռը գործառութային հանգույց է, որն ապահովում է կեղևում բաշխված ընդհանուր գիտելիքների հասանելիությունը: Դրա ախտահարումը հանգեցնում է ամնեզիայի կլինիկական պատկերի՝ իմաստային հիշողության կորստի գերակշռմամբ: Հիշողության խանգարումների ախտանշանաբանական բազմազանությունը՝ դրանց նրբերանգներով, հիմնականում բխում է ախտահարումների տեղագրությունից: Հիշողության հիվանդությունների ամենատարածված պատճառը նեյրոդեգեներատիվ հիվանդություններն են, որոնց թվում գերակշռում է Ալցհեյմերի հիվանդությունը։ Այդուհանդերձ, դրանց ախտանշանաբանությունը, ախտահարումների տարածման հետ կապված, ամենևին չի սահմանափակվում հիշողության խանգարմամբ: Հիպոկամպերն ընդգրկող աուտոիմուն, վարակային կամ թունահարմամբ պայմանավորված գլխուղեղաբորբերը (էնցեֆալիտները), տեսաթմբերն ու պտկաձև մարմիններն ախտահարող Կորսակովի համախտանիշը և «իմաստային դեմենցիան» այնպիսի կլինիկական պատկերներ են ունենում, որոնցում առաջին պլանում հիշողության խանգարումներն են՝ ուշագրավ ախտանշանաբանական նրբերանգներով: Հետվնասվածքային ամնեզիան ախտահարումների տարաբնույթ լինելու պատճառով առաջացնում է ավելի բարդ կլինիկական պատկեր. հիշողության խանգարումները համալրվում են կատարողական գործառույթների երբեմն էական խանգարումներով:
Մարտ 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 12 PDF