Լուսային աղտոտում 10

Jean-Louis Dufier, Yvan Touitou.
Ամփոփագիր
Արհեստական լույսը կարող է վնասակար աղտոտիչ լինել ցանցաթաղանթի համար տեսանելի սպեկտրի (380-700 նմ)՝ մասնավորապես լուսարձակող դիոդներում (LED) կիրառվող կապույտ շերտի (380-500 նմ) թունավոր ազդեցության պատճառով: Լուսաթունավորումն ի հայտ է գալիս ցանցաթաղանթի տեսողական գործառույթի համար պատասխանատու գունակային էպիթելի և լուսաընկալիչների լուսաքիմիական վնասման հետևանքով: Լուսաընկալիչների լուսազգայուն գունակները՝ օպսինները՝ շշիկների, ռոդոպսինները՝ ցուպիկների համար, օրվա ընթացքում սպառվում են, գիշերը՝ վերականգնվում: Գիշերային ժամերին լույսի ազդեցությունը մեծապես խաթարում է դրանց նյութափոխանակությունը: Լուսաթունավորությունը, ժառանգականության հետ մեկտեղ, ցանցաթաղանթի դեգեներատիվ հիվանդությունների առաջացման հիմնական գործոնն է, իսկ, բացի դրանցից, նաև տարիքի և ծխելու ազդեցությունը՝ առավել հաճախ հանդիպող դեղին բծի տարիքային դեգեներացիայի: Գիշերային ժամերին արհեստական լույսի ազդեցությունը խաթարում է ներքին ժամացույցի աշխատանքը: Ցանցաթաղանթի ոչ տեսողական գործառույթների համար պատասխանատու՝ բնույթով լուսազգայուն հանգուցային բջիջները (ipRGC) ընկալում են լուսային ազդանշանը, որը հաղորդվում է ներքին ժամացույցին, ապա՝ հասնում կոնաձև գեղձին: Լույսն արգելակում է մելատոնինի արտազատումը և ապահամաժամանակեցման շրջանակում կարող է առաջ կամ հետ գցել ներքին ժամացույցը՝ կախված ազդեցության ժամից: Հերթափոխով և գիշերներն աշխատողները, ինչպես նաև դեռահասները ենթակա են արհեստական լույսի ազդեցությանը: Գիշերներն աշխատող բուժքույրերի շրջանում քաղցկեղով բարձր հիվանդացությունը պայմանավորված է մելատոնինի արտազատման արգելակմամբ, քնի պակասով և ապահամաժամանակեցմամբ: Էկրանների ազդեցությունը դեռահասների վրա նույնպես հարցեր է առաջացնում, քանի որ սարքերի լուսադիոդները ճառագայթում են կապույտ լույս, որը զգալի ազդեցություն ունի ներքին ժամացույցի վրա: Հերթափոխով աշխատողների, ինչպես նաև դեռահասների քրոնիկական ապահամաժամանակեցումը պետք է դիտարկվի որպես հանրային առողջապահության կարևոր հիմնախնդիր
Մարտ 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 4 PDF