Ծանր դիսմենորեա և էնդոմետրիոզ 68

Éric Bautrant, Chloé Lacoste, Delphine Lhuillery.
Ամփոփագիր
Ծանր դիսմենորեան կամ Անդերշի և Միլսոնի դասակարգմամբ 3-րդ մակարդակի դիսմենորեան առկա է լինում էնդոմետրիոզով տառապող բուժառուների մեծամասնության շրջանում՝ առաջին իսկ դաշտանից սկսած։ Բազմաթիվ հետազոտություններ հաստատում են, որ ծանր դիսմենորեայով տառապող՝ դեռևս պատանեկություն ոտք չդրած աղջիկները կենտրոնական գերզգայունացման վիճակում են, որը, հավանաբար, քրոնիկական կոնքացավի, ինչպես նաև ուղեկցող հիվանդությունների զարգացման պատճառն է։ Շատ հեղինակներ ծանր դիսմենորեան համարում են էնդոմետրիոզի նախանշան։ Ուստի ծանր առաջնային դիսմենորեայի կառավարումը կոնքացավի վարման և էնդոմետրիոզի կանխարգելման հիմնական առանցքներից է: Թեև էնդոմետրիոզային ախտահարումները կարող են խորացնել ցավային կլինիկական պատկերը, դրանք հազվադեպ են բացատրում նեյրոպաթիկ ցավը: Էնդոմետրիոզային հանգույցներով նյարդային ցողունների սեղմումը հազվադեպ է։ Մյուս կողմից՝ հիվանդների կենտրոնական գերզգայունացման ֆոնին նոցիպլաստիկ տիպի նեյրոպաթիկ ցավ հաճախ է հանդիպում։ Վարումը բազմամեթոդ է։ Հորմոնային բուժումն օգնում է վերահսկելու ոչ միայն էնդոմետրիոզի օջախները, այլև քրոնիկական ցավը։ Փաստացի, ամենորեա առաջացնելը հնարավորություն է տալիս վերացելու ծանր դիսմենորեայի կրկնվող նոցիցեպտիվ ազդակները և կանխելու դաշտանի ընթացքում կենտրոնական գերզգայունացման երևույթների վատթարացումը։ Ծանր դիսմենորեան կամ դրա նոպաները կարելի է մեղմել 1-ին կամ 2-րդ մակարդակի ցավազրկողներով, մինչդեռ 3-րդ մակարդակի ցավազրկող ափիոնատիպ դեղամիջոցները երբեք չպետք է նշանակվեն այս ցուցմամբ: Քրոնիկական ցավի դեպքում առաջարկվում է հիմնական (բազային) բուժում։ Այն ներառում է կենտրոնական զգայունացման վրա ազդող հակաընկճախտային կամ հակաէպիլեպտիկ դեղամիջոցներ։ Ֆիզիոթերապիան, ՆԱԷԽ-ը (նյարդերի անդրմաշկային էլեկտրախթանում) և ճանաչողական-վարքային բուժումները առաջին շարքի բազմամեթոդ բուժման մաս են։ Քննարկվում են վիրահատական միջամտության և երկրորդ կամ երրորդ շարքի այնպիսի բուժումների ցուցումները, ինչպիսիք են բոտուլինային թունանյութի արգանդային ներարկումները՝ արգանդադիտման հսկողության տակ, սալբուտամոլը կամ կանաբիդիոլը։
Հունիս 2025
La revue du praticien n° Tome 75 / n° 17 PDF