Վերջին զարգացումները ՆՑՀ-ների հետ համակցված անոթաբորբերի բուժման բնագավառում 43

Xavier Puéchal.
Ամփոփագիր
Նեյտրոֆիլների ցիտոպլազմայի նկատմամբ հակամարմինների (ՆՑՀ) հետ համակցված անոթաբորբերի բուժումը հիմնված է ախտադադարի հասնելու նպատակ հետապնդող ինդուկցիոն բուժման վրա, որին հաջորդում է պահպանողական բուժումը՝ ախտակրկնությունները կանխելու նպատակով: Վարումն աստիճանաբար զարգացել է դեպի հիվանդի կլինիկական վիճակի և առաջարկվող բուժական ռազմավարության ավելի լավ համապատասխանեցում: Ինդուկցիոն բուժումները տարբերվում են ըստ անոթաբորբի դասակարգման, դրա ծանրության աստիճանի, նախորդող ախտակրկնությունների առկայության, հիվանդի մասին տեղեկությունների և ուղեկցող հիվանդությունների, ինչպես նաև համաճարակային իրավիճակի: Պահպանողական բուժումը հարմարեցվել է ախտակրկնության հավանականությանը՝ օգուտ/վտանգ հարաբերակցությունը բարելավելու նպատակով: Այս առաջընթացը փոխակերպել է տվյալ անոթաբորբերի կանխատեսումը: Պոլիանգիիտով գրանուլեմատոզի (ՊԱԳ) և ծանր մանրադիտակային պոլիանգիիտի (ՄՊԱ) դեպքում ինդուկցիոն բուժումը հիմնված է կորտիկոստերոիդների վրա՝ ցիկլոֆոսֆամիդի կամ ռիտուքսիմաբի հետ համակցված: Պահպանողական բուժումը ներառում է ռիտուքսիմաբի վեցամսյա կաթիլային ներերակային ներարկումներ, որոնք լավ տանելի են: Պոլիանգիիտով էոզինոֆիլային գրանուլեմատոզի (ՊԱԷԳ) դեպքում՝ առանց ծանրության չափանիշների ակտիվ անոթաբորբով, որպես առաջին շարքի բուժում խորհուրդ է տրվում մեկուսի կորտիկոստերոիդաբուժումը: Ծանր ձևերի ինդուկցիոն բուժման համար ռանդոմացված վերահսկվող հետազոտություններից մեկը ցիկլոֆոսֆամիդի և ռիտուսիմաբի միջև տարբերություն չի հայտնաբերել: Ինտերլեյկին-5-ի արգելակիչները դեռևս արդյունավետ չեն ՊԱԷԳ-ի անոթաբորբի դրսևորումները բուժելիս, բայց ներկայումս կատարվում է մեպոլիզումաբի գնահատում այս ցուցման համար: Այդուհանդերձ, սուր փուլից հետո փորձարկումները ցույց են տվել մեպոլիզումաբի կամ բենրալիզումաբի՝ կորտիկոստերոիդների կիրառումը սահմանափակող ազդեցությունը հիմնականում կորտիկոստերոիդ-կախյալ ասթմայով և/կամ քիթ-ծոցային (ռինոսինուսային) սրացումներով հիվանդների շրջանում: Վերջերս անցկացված ռանդոմացված վերահսկվող փորձարկումները ցույց են տվել, որ հնարավոր է կորտիկոստերոիդների ավելի փոքր չափաբաժինների կիրառություն՝ առանց արդյունավետության կորստի, ինչը հնարավորություն կտա նվազեցնելու ծանր վարակների հաճախականությունը: Երբ արյան շիճուկում կրեատինինի մակարդակը բարձր է 300 մկմոլ/լ-ից, խորհուրդ է տրվում պլազմաֆերեզ՝ ինդուկցիոն բուժման ավանդական մեթոդների հետ համատեղ:
Նոյեմբեր 2025
La revue du praticien n° Tome 75 / n° 18 PDF