ՆՑՀ-ների հետ համակցված անոթաբորբերի համաճարակաբանությունը և վտանգի գործոնները 34

Lucas Pacoureau, Maxime Beydon, Benjamin Terrier, Yann Nguyen.
Ամփոփագիր
Նեյտրոֆիլների ցիտոպլազմայի նկատմամբ հակամարմինների (ՆՑՀ) հետ համակցված անոթաբորբերը (ՀՀԱ) փոքր տրամաչափի անոթների անոթաբորբերի (վասկուլիտ) խումբ են և ներառում են մանրադիտակային պոլիանգիիտը (ՄՊԱ), պոլիանգիիտով գրանուլեմատոզը (ՊԱԳ) և պոլիանգիիտով էոզինոֆիլային գրանուլեմատոզը (ՊԱԷԳ): Սրանք հազվադեպ հիվանդություններ են, որոնցով հիվանդացությունն աշխարհում գնահատվում է 17,2 նոր դեպք՝ մեկ միլիոն մարդ/տարի հաշվով (թեև կան զգալի տարբերություններ՝ հետազոտություններից, կիրառվող չափանիշներից և աշխարհի տարածաշրջաններից կախված): Տարածվածությունը Ֆրանսիայում մոտ 100 դեպք է՝ մեկ միլիոն բնակչի հաշվով: ՀՀԱ-ներով հիվանդացությունն ու տարածվածությունը, ըստ երևույթին, աճել են վերջին տասնամյակների ընթացքում, ինչն արտացոլում է ինչպես ախտորոշման արդյունքների բարելավումը (ՆՑՀ-ը որոշող թեստերի լայն կիրառության շնորհիվ), այնպես էլ ավելի լավ վարումը, որը՝ հանգեցնում է ապրելիության բարելավման: Ինչպես մյուս աուտոիմուն հիվանդությունների դեպքում, մի շարք տվյալներ ենթադրում են բարդ փոխազդեցություն բազմագեն գենետիկական նախահակվածության, էպիգենետիկական ազդեցությունների և շրջակա միջավայրի հրահրիչների միջև: Վտանգի՝ առավել լայնորեն հետազոտված գործոններից սիլիկահողը և, ավելի լայն առումով, փոշու ներշնչումը, թերևս, ամենից հաճախն են կապվում ՀՀԱ-ների զարգացման վտանգի հետ: Ըստ երևույթին, գոյություն ունի որոշակի վարակային հարուցիչների (Staphylococcus aureus, ոսկեգույն ստաֆիլոկոկ) կամ դեղամիջոցների հետ կապված հավելյալ մեծ վտանգ ևս։
Նոյեմբեր 2025
La revue du praticien n° Tome 75 / n° 18 PDF